Իրանը կամավոր հիմունքներով թույլ կտա ԱԷՄԳ-ին իրականացնել հետագա համապատասխան ստուգում եւ մոնիտորինգ: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրան ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի կատարած այցից հետո։
«ԱԷՄԳ-ի եւ Իրանի միջեւ փոխգործակցությունը կիրականացվի համագործակցության ոգով եւ ԱԷՄԳ-ի իրավասությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքներին ու պարտականություններին լիարժեք համապատասխանությամբ՝ համապարփակ երաշխիքների համաձայնագրի հիման վրա:
Ինչ վերաբերում է այս երեք օբյեկտների հետ կապված երաշխիքների չլուծված հարցերին, Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը եւ լրացուցիչ տեղեկատվություն ու հասանելիություն տրամադրել՝ երաշխիքների չլուծված խնդիրները լուծելու համար»,- ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության (AEOI) համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԷՄԳ-ի կայքում։
Գրոսին Թեհրան է ժամանել ուրբաթ օրը՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, օրակարգում տեխնիկական միջուկային հարցեր են եղել։
Իր երկօրյա այցի ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը բանակցություններ է վարել AEOI-ի ղեկավար Մոհամմադ Էսլամիի, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։





























