Արցախի Ներքին գործերի նախարարությունը այսօր դիվերսիայի հետեւանքով զոհված ոստիկանների մասին տեղեկություններ է հայտնել:

Արմեն Մայորի Բաբայան

Ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին: 1993-1996թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը:

1999 թվականին ծառայության է ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ/:
2014 թվականից ծառայության է անցել Ոստիկանության պետական պահպանության վարչությունում իսկ 2015 թվականից ծառայությունը շարունակել Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում:

2018 թվականին նշանակվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետ:

Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության փոխգնդապետի կոչում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: