Ադրբեջանում շարունակում են ամեն պատեհ եւ անպատեհ առիթով կեղծ մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։
Հերթական նման առիթն է այսօր ներկայացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։
«Չնայած Ադրբեջանի խաղաղապահ ջանքերին, Հայաստանը չի դադարում սադրանքներ կատարել»,- ասել է նա ԱՄՆ պետքարտուղարի միջազգային կազմակերպությունների գծով օգնական Միշել Սիսոնի հետ հանդիպմանը։ Բայրամովը նշել է, որ հակառակ ստանձնած պարտավորություններին, Հայաստանը շարունակում է ականային սպառնալիքներ ստեղծել։
Նախարարը Սիսոնին տեղեկացրել է նաեւ տարածաշրջանում առկա հետհակամարտային իրավիճակի, խաղաղության հաստատման Ադրբեջանի միջոցառումների, ազատագրված տարածքներում իրականացվող վերակառուցման եւ շինարարական աշխատանքների, ինչպես նաեւ ականային գոյություն ունեցող սպառնալիքի մասին»։
«Խաղաղապահ ջանքերի» մասին հայտարարությունները հատկապես հրեշավոր են հնչում երեկվա դիվերսիայից եւ Լեռնային Ղարաբաղում երեք ոստիկանների մահից հետո։





























