Ռուսաստանն Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու որեւէ նախապայման չի տեսնում, ուստի շարունակում է իրականացնել իր նպատակները հատուկ ռազմական գործողության օգնությամբ, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Շարունակվում է հատուկ ռազմական գործողությունը։ Ինչ-որ խաղաղ հուն այդ իրավիճակը տեղափոխելու որեւէ նախադրյալ չկա։ Դրա համար էլ Ռուսաստանն իր խնդիրների եւ նպատակների կատարմանը հասնում է հատուկ ռազմական գործողության հետագա իրականացման ճանապարհով»,- ասել է նա ի պատասխան այն հարցի, թե որքանով կարող է Պեկինի առաջարկած կարգավորման պլանն ազդել իրավիճակի վրա։
Ընդ որում՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այնպիսի մեծ, հսկա, հզոր եւ հեղինակավոր երկիր, ինչպիսին Չինաստանն է, «չի կարող չունենալ իր ձայնն այն խնդիրների մասին, որոնք առաջնահերթ կանգնած են համաշխարհային օրակարգում»։ «Մենք մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում այն դատողություններին, որոնք լսում ենք Պեկինի մեր գործընկերներից»,- հավաստիացրել է Պեսկովը։
Խոսելով այն մասին, թե ինչ տեղ կարող է զբաղեցնել այդ թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի գալիք բանակցություններում, նա հիշեցրել է, որ երկու երկրները տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ են, իսկ պետությունների ղեկավարները «բավական բովանդակալից եւ վստահալից երկխոսություն» են վարում։





























