Նիկոլ Փաշինյանին (ՀՀ վարչապետ - խմբ.) իշխանության են բերել, որպեսզի նա հանձնի Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխի դեպի Թուրքիա՝ լինի դա պատերազմի, քաոսի կամ այլ միջոցով։ Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը կհեռանա, երբ որ ավարտի իր ծրագիրը. «Սակայն մենք չպետք է դա թույլ տանք, չի կարելի շեղվել ազգային գաղափարներից»,- հավելեց նա։

Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի մասով Շարմազանովը որեւէ դրական հեռանկար չի տեսնում, իսկ  Ադրբեջանի կիրակնօրյա դիվերսիան անվանեց Փաշինյանի կառավարության հերթական ֆիասկո, ինչպես նաեւ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղը կլանելու, պանթուրքիզմի ծրագրերն իրականացնելու եւ տարածաշրջանում հայկական գործոնը վերացնելու ինդիկատոր։

Ըստ ՀՀԿ մամուլի քարտուղարի՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը Փաշինյանին որպես նվեր են տեսնում եւ փորձում են Հայաստանից ու ԼՂ-ից վերցնել առավելագույնը, հնարավորության դեպքում՝ ամեն ինչ։ «2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը համաձայնեց Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Սա չհերքվեց հենց Հայաստանի իշխանությունների կողմից, եւ Լավրովը նույնպես խոսեց այս մասին։ Սա դավաճանության ակտ է եւ 2018 թվականին սկսվածի շարունակությունը։

Ալիեւը (Ադրբեջանի նախագահը - խմբ.) Մյունխենում ասաց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող որեւէ կարգավիճակ ունենալ, Նիկոլը, որը նախկինում խոսում էր հպարտ արտաքին քաղաքականության մասին, ոչինչ չպատասխանեց սրան եւ հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքներին։ Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպմանը, փոխանակ խոսելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, նա կրկին խոսեց միայն մարդու իրավունքների ու անվտանգության մասին։ Նիկոլն, ըստ էության, խոսում է կարգավիճակի մասին, որն ավելի ցածր է, քան 1988-ի ԼՂԻՄ-ի կարգավիճակը»,- ​​նկատեց ընդդիմադիրը։

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները հանձնել են Լաչինը, Սուսը եւ Աղավնոն այն պատրվակով, որ Բաքուն չէր պահանջում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», բայց կարճ ժամանակ անց Ադրբեջանը սեպտեմբերյան ագրեսիան իրականացրեց եւ օկուպացրեց Հայաստանի տարածքները։ «Նիկոլը Հայաստանը «Պոբեդա» մակնիշի մեքենայից վերածեց թուրքական ինքնագլորի։ Թեեւ նա 2020 թվականին ասել էր, որ Թուրքիան ցանկանում է նոր Հայոց ցեղասպանություն իրականացնել։ Իսկ դրանից հետո ի՞նչ է փոխվել»,- եզրափակեց նա։