Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հայերի հետ խոսում է վերջնագրի լեզվով, սա Բաքվի կողմից հաճախ կիրառվող պրակտիկա է։ Նման դրսեւորումներից մեկը երեկ հնչեցրեց եւ ներկայացրեց Արցախի նախագահը։ Թեեւ սա սուր, նույնիսկ խուճապային տրամադրություններ է առաջացրել, ամեն դեպքում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ամենահանցավոր գործողություններով փորձում է հասնել իր նպատակներին։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ  ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ եւ հայտնել, որ մարտի 1-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ եւ ներկայությամբ։ Նիստի օրակարգում չորս հարց է եղել՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում եւ Կաշենի հանքավայրի գործունեության վերականգնում։ Հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քաղաքական թեմաներ քննարկել՝ օգտագործելով «ինտեգրացիա» բառը, սակայն Շահրամանյանը կանխել է դա՝ հայտարարելով, որ եթե քաղաքական հարցեր են քննարկվում, ապա դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման։ Նա հավելել է, որ իրենք իրավասու չեն քաղաքական հարցեր քննարկել եւ չեն կարող նման հարցեր քննարկել այս հանդիպմանը»,- ասել է Հարությունյանը։

Նախագահի խոսքով, դրանից հետո ադրբեջանական կողմն իր խողովակներով մեզ ասել է, որ կա՛մ մենք ինտեգրացիոն քաղաքականություն ենք որդեգրում, կա՛մ առկա խնդիրներին լուծում չի տրվի, ընդհակառակը՝ կլինեն ավելի կոշտ ու կտրուկ քայլեր։

«Մենք բազմաթիվ միջոցներ ենք ձեռնարկում դրան հակազդելու համար։ Այն, ինչ կատարվում է այսօր, Արցախի ժողովրդի կամքի համառ դրսեւորում է։ Ադրբեջանը դա լավ հասկանում է, ուստի փորձում է մեծացնել ճնշումը։

Նախագահի կողմից հրապարակայնորեն ներկայացվել է խնդիրների սուր դրսեւորում։ Բայց այնպես չէ, որ մեզ հետ մինչ այժմ խաղաղասեր լեզվով էին խոսում, բայց հիմա հակառակն են անում։ Դա միշտ եղել է, 30 տարի, պատերազմից հետո։ Ադրբեջանը միշտ կոշտ քաղաքականություն է վարել։

Մեր ժողովուրդը ինքնակազմակերպվել է։ Բոլորս՝ մեծից փոքր, համառորեն պատրաստվում ենք հակազդեցության։ Մեր ժողովուրդը իր տանն է եւ շարունակում է ապրել իր տանը։ Մեր խնդիրն է փոխանցել, որ սպանելով, ճնշում գործադրելով, ահաբեկելով՝ անհնար է հասնել որեւէ նպատակի։ Սա պետք է հասկանա ոչ միայն Ադրբեջանը, որը, խաղալով մի քանի ուղղություններով, փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը եւ ճնշում գործադրել մեզ վրա»,- ասաց Ներսիսյանը։

Նշենք, որ նույն հանդիպման ժամանակ Արցախի նախագահը հետեւյալ միտքն է արտահայտել. «Մենք ունենք ընտրություն՝ կա՛մ շարունակել մեր ընտրած պայքարը, կա՛մ հասարակության մեջ այնպիսի տրամադրություններ կան, որ մենք պետք է ընդունենք Ադրբեջանի ներկայացրած առաջարկը։ Մարդիկ հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակներում բարձրաձայնել ու ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, ձեւակերպել այս տրամադրությունները, երկրում նոր կառավարություն ձեւավորել»։

Մեկնաբանելով այս հայտարարությունը, պետնախարարը վստահեցրեց, որ ոչ քաղաքական շրջանակներում, ոչ հասարակության մեջ Ադրբեջանի պայմաններին ենթարկվելու տրամադրություն կամ անհրաժեշտություն չկա։

«Սա ավելի շուտ քաղաքական հայտարարություն է այն առումով, որ կա նաեւ քննադատություն իշխանության հասցեին, որ պետք է ավելի մեղմ ու ճկուն քաղաքականություն վարել։ Կարծում եմ, որ այս հայտարարությունն արվել է ի պատասխան նման հայտարարությունների ու քննադատությունների։ Բացառվում է, որ Արցախում կարող է լինել մեկը, ով կարող է մտածել Ադրբեջանին ինտեգրվելու կամ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո ապրելու մասին։ Արցախում չկա մի մարդ, որն իրեն պատկերացնի Ադրբեջանի կազմում։ Նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել որպես քաղաքական»,- հավելեց Ներսիսյանը: