Մենք հասկանում ենք Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքի ուժը, բայց Արցախի յուրաքանչյուր բնակիչ ունի ինքնապաշտպանության իրավունք, եւ այդ ինքնապաշտպանության իրավունքը պետք է իրացվի եւ ապահովվի։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ  ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նա ակնհայտ սուտ է անվանեց բոլոր այն պնդումները, թե Հայաստանը զինում է Արցախին։

Ինչպես հիշեցրեց պետնախարարը, նույնիսկ Հաագայի դատարանը վճռել է, որ Ադրբեջանը որեւէ ապացույց չի ներկայացրել։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է մտածի, թե չպե՞տք է ունենա արդյոք Արցախի բնակչությունը ինքնապաշտպանության իրավունք, արդյոք միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել ինքնապաշտպանության իրավունքը։

«Երկու ճանապարհ կա՝ էթնիկ զտումների ենթարկվող ժողովուրդին կամ պետք է պաշտպանել, կամ ինքնապաշտպանության հնարավորություններ ընձեռել:

Որքան էլ ուժեղ ու վտանգավոր լինի Ադրբեջանի ճնշումը, մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք։ Անկախ նրանից, թե Արցախի ժողովրդի ձեռքին ինչ զենք կա, ներառյալ՝ քարեր ու փայտեր, նա իրենց կյանքը փրկելու համար պետք է պաշտպանվի»,- ընդգծեց Ներսիսյանը։

Նա կարծում է, որ Ադրբեջանը չի կարող ուժով հասնել այն նպատակին, որ հետապնդում է։

«Վերջին 30 տարիների ընթացքում մենք վճարել ենք ամենաբարձր գինը մեր իրավունքների եւ կարգավիճակի պաշտպանության համար, ուստի չկա ոչ մի արժեք, ներառյալ կյանքը, որը մեր պատմությունից հրաժարվելու գինը կարող է լինել:

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ հնարավոր չէ Արցախի ժողովրդին ստիպել իր կամքին հակառակ գործողություններ անել։ Առճակատումը ենթադրում է սեփական կամքի արտահայտման ապահովում, սեփական կամքն արտահայտելու իրավունքի պահպանում։ Ուրիշ ոչինչ չկա։ Աշխարհում ոչ ոք չի կարող մտածել այն մասին, որ Արցախը տարածաշրջանում որեւէ մեկի համար վտանգ է ներկայացնում։ Ավելին, Արցախն իր պատմության ընթացքում որպես երկիր երբեք չի դիտարկվել որպես սպառնալիք տարածաշրջանում։

Ուստի Ադրբեջանի հայտարարությունները մտացածին են։ Կարիք չկա անգամ ապացուցելու, որ Արցախը որեւէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Արցախի ժողովուրդը խաղաղության ամենամեծ ջատագովն է, բայց այդ խաղաղությունը չի կարող ապահովվել Արցախի ժողովրդի կյանքի գնով։

Արցախն իր պատմության ընթացքում շատ ավելի բարդ իրավիճակներ է ապրել, բայց նույնիսկ այն ժամանակ Արցախի ժողովրդին չի հաջողվել կոտրել»,- ընդգծեց պետնախարարը։