Մեր ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է որպես գերագույն արժեք եւ պետք է կարողանալ այդ անկախության խորհուրդը մարդու համար դարձնել որպես արժեք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` գնահատելով Հայաստանի անկախության 20-ամյա ուղին:

«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, ընկալի, ապրի անկախության խորհրդով»,- նշել է Գագիկ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, 20 տարիների ամենամեծ բացթողումն այն է, որ մենք «այսօր ունենք պետություն, քաղաքական անկախություն, մեր տարածքով որոշակիորեն պաշտպանված պետություն, բայց դեռ չունենք քաղաքացի»:

«Որովհետեւ ունենալով ժողովուրդ` մարդու մեջ չենք կարողացել ձեւավորել, դաստիարակել, խորացնել այն քաղաքացիական որակները, որոնցով նա կարող է լիարժեք ապրել որպես պետության քաղաքացի: Դա մեր ամենամեծ թերացումն է հավանաբար, եւ շատ խնդիրներ առաջանում են հենց այդ թերացումից»,- նշել է Սահմանադրական դատարանի նախագահը:

Հարցին, թե ի՞նչ է պետք իրավիճակը շտկելու համար, Գագիկ Հարությունյանը պատասխանել է. «Բազմաբնույթ աշխատանք, սկսած դաստիարակությունից, վերջացրած ամեն մեկի կողմից իր գործը կատարելուց: Մեծ լուրջ եւ համակարգված աշխատանք է պահանջվում, որպեսզի յուրաքանչյուրի մոտ իրեն համարժեք քաղաքացիական որակներ դաստիարակվեն: Դպրոցահասակ երեխայի մոտ իրեն համարժեք, ուսանողի մոտ` իրեն համարժեք, պետական ժառայողի մոտ` իրեն համարժեք, բիզնեսմենի մոտ իրեն համարժեք: Մենք մինչեւ այդ համակարգը չունենանք մարդու մոտ, մենք երկիր չենք կառուցի»,- ասել է ՍԴ նախագահը` որպես պետական պաշտոնյա հավաստիացնելով, որ պետությունը իր կողմից քայլեր ձեռնարկում է այդ որակներն ամրագրելու ուղղությամբ: