Իրանի ներքին գործերի փոխնախարար Սեյեդ Մաջիդ Միրահմադին հայտարարել է Իրանի ողջ տարածքում աշակերտուհիների թունավորման գործով մի շարք մարդկանց ձերբակալման մասին, հայտնում է Mehr-ը։

Միրահմադիի խոսքով՝ երկրի անվտանգության ծառայությունների հետախուզական գործունեությունից հետո որոշ մարդիկ ձերբակալվել են 5 նահանգներում, եւ համապատասխան գերատեսչությունները այդ դեպքերի ամբողջական հետաքննություն են իրականացնում։

2022 թվականի նոյեմբերից որոշ իրանցի աշակերտուհիներ դպրոցում եղած ժամանակ հայտնել են թունավորման ախտանիշների մասին։ Բռնկումը սկսվել է Կումում, այնուհետեւ տարածվել այլ քաղաքներում։

Շատ դեպքերում աշակերտները շնչառական խնդիրներ, սրտխառնոց, հոգնածություն եւ գլխապտույտ են ունեցել, իսկ ոմանք հոսպիտալացվել են։

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Իրանի դպրոցներում աշակերտների ենթադրյալ թունավորումն անվանել է «աններելի եւ մեծ» հանցագործություն՝ կոչ անելով իշխանություններին լրջորեն զբաղվել այդ գործով:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նաեւ հանձնարարել է հետախուզության եւ ներքին գործերի նախարարներին հետամուտ լինել թունավորման դեպքերին։