Հայաստանի անկախության 20-ամյակը դա բոլոր հայերի տոնն ու ձեռքբերումն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գերմանահայ PR մասնագետ Վազրիկ Բազիլը, շնորհավորելով հոբելյանի առթիվ:
Բազիլի խոսքով, 20-ամյա անկախությունը դա նաեւ առիթ է կենտրոնանալու խնդիրների վրա եւ ազատվել գոյություն ունեցող նախապաշարումներից: «Ես շատ լավ ծանոթ չեմ ներքին քաղաքականությանը եւ Հայաստանի իրավիճակին, որպեսզի արժանի գնահատական տամ երկրի 20-ամյակին, սակայն դրսից նայելով իրավիճակին, պետք է ասեմ, որ կա ակնհայտ առաջընթաց»:
Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ անել Հայաստանի իրավիճակը բարելավելու համար, Բազիլը պատասխանել է. «Հայաստանն ու սփյուռքը պետք է գիտակցեն, որ արտաքին աշխարհի հետ մրցակցությունում չեն կարող հասնել հաջողության միայն քանակով, եւ բոլոր նախաձեռնություններում շեշտը պետք է դնեն որակի վրա: Որակի հասնելու համար անհարժեշտ է որակյալ կրթություն, հետեւաբար, Հայաստանը պետք է շեշտը դնի կրթության վրա: Առանց բարձր մակարդակի կրթության չի լինի ոչ տնտեսության զարգացում, ոչ մշակույթ, ոչ քաղաքականություն»:



























