Երեւանում շարունակվում է ռազմական շքերթը: Հրապարակով անցել են համազարկային կրակի ռեակտիվ եւ հրթիռային համակարգերի ստորաբաժանումները` գնդապետ Մարատ Հովհաննիսյանի հրամանատարությամբ: Նրանց հաջորդել է զինված ուժերի ռեակտիվ հրետանին` սպառազինված «ԷՄ ԷՄ-21» համակարգերով: Հրթիռային զորքերի եւ հրետանու երթը շարունակել են «ՎԵ ԷՄ-80» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ստորաբաժանումները, որոնք ի զորու են ոչնչացնելու հակառակորդին մինչեւ 110 կմ հեռավորության վրա: Երթը շարունակել են մարտավարական նշանակության մինչեւ 120 կմ հեռահարությամբ «ՏՈՉԿԱ» համալիրի հրթիռային ստորաբաժանումները, որոնք կարող են գերճշգրիտ, արագ, դիպուկ եւ արդյունավետ հրթիռային հարվածներ հասցնել հակառակորդի կարեւորագույն նշանակության օբյեկտներին:
Հրապարակով անցել են «9 Կա 72» տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրների ստորաբաժանումները: Համալիրները հայ մասնագետների կողմից արդիականացվել եւ համալրվել են գերժամանակակից էլեկտրոնային միջոցներով, ինչը թույլ է տալիս հաղթահարել բալիստիկ հակահրթիռային պաշտպանությունը եւ ճշգրտորեն ոչնչացնել մինչեւ 300 կմ հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, եթե նույնիսկ դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում:
ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ գնդապետ Նիկոլայ Բաբայանի հրամանատարությամբ հրապարակ են մտել հակաօդային պաշտպանության զորքերը, որոնք պատերազմի ընթացքում ոչնչացնելով հակառակորդի շուրջ երեք տասնյակ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, իրենց մեծ ներդրումն են ունեցել մեր Հաղթանակում :
Անցել են նաեւ հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արդիականացված «ՕՍԱ-ԱԿԱ» զենիթահրթիռային համալիրները, որոնք իրենց գերազանց են դրսեւորել մարտի դաշտում, «ԷՍ-125» զենիթահրթիռային համալիրներով զինված ստորաբաժանումները, որոնք ունակ են խոցել մինչեւ 25 կմ հեռավորությամբ եւ 18 կմ բարձրությամբ նշանակետեր, արդիականացված «ԿՌՈՒԳ» զենիթահրթիռային ստորաբաժանումները, որոնք ունեն 50 կմ հեռահարություն եւ 24 կմ բարձրությամբ խոցման գոտի:
Հրապարակով անցել են նաեւ C-300 զենիթահրթիռային համակարգերը: Լեռնային պայմանների համար հատուկ կարգավորված C-300 զենիթային դիվիզիոնները վերահսկում եւ անառիկ են պահում Հայաստանի Հանրապետության ողջ օդային տարածությունը: Հայկական դիվիզիոնների կարողությունները հնարավորություն են տալիս կասեցնել ցանկացած ուղղությամբ բոլոր օդային հարձակումները, դեռեւս հակառակորդի օդային տարածության խորքում, միաժամանակ ոչնչացնել երեսունից ավելի օդային հարձակման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ վերգետնյա թիրախներ:
Ռուսաստանի Դաշնության «Աշուլուկ» փորձադաշտում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում անցկացված «Մարտական ընկերակցություն 2011» համատեղ զորավարժություններին սեպտեմբերի 12-ին Հայաստանի զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները, խոցելով բոլոր թիրախները, գերազանց կատարել են մարտական խնդիրը:




























