ՊՆ նախկին շենքի բնակիչները այսօր՝ մարտի 9-ին հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ պահանջում են իրենց թույլ տալ վերադառնալ ու բնակվել ՊՆ նախկին շենքում:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Եթե անգամ վերջնական լուծում չլինի, թույլ տան մեզ ժամանակավոր վերադառնալ մեր բնակարանները: Մեր բնակարանների ավերը շարունակվում է, ես երկու օր առաջ եղել եմ իմ բնակարանում, սաղ տակնուվրա էր արված, ապակիներ էր բերած ջարդած: Բազմաթիվ ապրանքներ են գողացված: Եթե իրենք բանալիներ են բաժանել, նախ թող մեզ ցուցակ տան, թե ում են բաժանել, քանի որ այնտեղ եղել է 117 ընտանիք: Մեզ թող ասեն, թե ինչ առաջնահերթությամբ է տրվել ասենք, Արմենին, ու չի տրվել Գարիկին: Արմենի ընտանիքը, որ մեկ անձից է, իրեն էլ է տրամադրվել 17 քմ, 8 հոգանոց ընտանիքին էլ է տրամադրվել 17 քմ: Ինչու է բանալիները բաժանվում ոստիկանների միջոցով եւ ինչու է ոստիկանությունը բանալին տալիս ուլտիմատում դնում, ասելով՝ եթե ձեզ բանալի եմ տվել, էլ մի արի, վրանի տակ քեզ չտեսնենք, թե չէ վրանը կհավաքենք: Ես ուզում եմ զգուշացնել, որ եթե էդ վրանը դուրս եկավ, այդ վրանը գալու է Երեւանի կենտրոն: Մենք վճռականորեն գնալու ենք: Մենք ոչ մի ժամանակավոր լուծում չենք ընդունելու:

Թող մեզ տան ցուցակ, թե ում են բանալի տվել, որ եթե ասենք 30 ընտանիքի տվել են, մենք ֆիքսենք, որ մեր այս գործողությունների արդյունքում 30 ընտանիքի հարց լուծվել է»:

Նա նկատեց, որ բանալիներն էլ բնակիչներին տրվել են միայն պայքարի արդյունքում. «Ինչո՞ւ, երբ դու հանում էիր մարդկանց փողոց, ինչու այդ պահին չկար բանալի, նստացույց հայտարարելու երկրորդ օրը նոր սկսեցին բաժանել բանալիներ: գուցե ինչ-որ բան էր պետք ցույց տալ, որ կարող են 117 ընտանիքի հանեն գցեն դուրս այն օրը, երբ վերջին օգնությունը գնաց Թուրքիա; Հայ երեխան նստած է եղել վառվող անիվի կողքը, մենք հումանիտար օգնություն ենք ուղարկել Թուրքիա:

Բացի այն, որ մենք ոչ մի ժամանակավոր լուծում չենք ընդունում, մեր պահանջներին ավելացել է նաեւ ՊԵԿ նախագահի հրաժարականը: Մեր հիմնական պահանջն է, թողնեն վերադառնանք մեր բնակարաններ»:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12  ընտանիքի է կացարանով ապահովել։

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Նշենք, որ արդեն շաբաթներ շարունակ ՊՆ նախկին շենքից վտարված բազմաթիվ քաղաքացներ շենքի մոտ երկու վրան են տեղադրել եւ բնակվում են այդտեղ: