Հայաստանի 20-ամյա անկախությունը մեր ձեռքբերումն ու հաղթանակն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը:

«Մեր երազանքն անկախությունն էր, այժմ մենք անկախ ենք, եւ դա մեր ժողովրդի մեծ ձեռքբերումն է: Ամենամեծ պարգեւը կլինի Արցախի պահպանումը: Մենք պետք է առաջ նայենք, քննադատաբար մոտենանք անցյալի սխալներին»,-նշել է Աբրահամյանը:

Խնդիրներին անդրադառնալով` նա նշել է, որ չարժի խոսել միայն վատի մասին, ամեն ինչ այդքան էլ վատ չի, քանի որ անկախության տարիներին բազում խնդիրներ են լուծվել. «Պետք է հիշենք, թե ինչից ենք սկսել եւ ուր ենք հասել»:

Արբահամյանի կարծիքով, ձեռքբերումներից բացի, կան խնդիրներ, որոնց լուծման համար Հայաստանւ եւ սփյուռքը պետք է միավորեն իրենց ջանքերը եւ գտնեն լուծման մեխանիզմներ. «Սակայն նախեւառաջ Հայաստանը ինքը պետք է միավորվի երկրի ներսում: Հայաստանում չկա մեկը, ով չգիտի, թե ինչ խնդիրների մասին է խոսքը: Պետք է զինվենք համբերությամբ, միավորենք ուժերը եւ լուծենք գոյություն ունեցող խնդիրները»: