Կարեւոր է թույլ չտալ ազգային ինքնության հիմքերի ոչնչացում։ Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «The Future Armenian» զարգացման հիմնադրամի պատմական պատասխանատվության փորձագիտական կոմիտեի ղեկավար Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ 

Նրա խոսքով՝ փորձագիտական խմբի բոլոր անդամները հասկացել են, որ Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական պատասխանատվության հարց, առաջին տեղում է։  

Նա պարզաբանեց, որ դրա հետ մեկտեղ կարեւոր են նոր մոտեցումները, պետք է ազատվել զոհի հոգեբանական վիճակից, որը թույլ չի տալիս մարդուն օգտագործել իր ողջ ներուժը։ «Կարեւոր հարց է դարձել նաեւ Հայոց ցեղասպանության նշանակությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ոչ պակաս կարեւոր է պատմամշակութային ժառանգության պահպանումը, սփյուռքահայերի մերձեցումը Հայ առաքելական եկեղեցուն, հայոց լեզվին հաղորդակից լինելը»,-նշեց հոգեւորականը։ 

Նա նաեւ կարեւորեց ուշադրության կենտրոնացումը ոչ թե հայերի միջեւ եղած տարբերությունների վրա, այլ այն բանի վրա, թե ինչն է միավորում ժողովրդին։ «Դա գլխավոր խնդիրներից մեկն է»,-հավելեց Պարսամյանը։  

Իր հերթին, «Հայաստանի եւ սփյուռքի միասնություն»  հիմնադրամի փորձագիտական կոմիտեի ղեկավար, լրագրող Արամ Աբրահամյանը նշեց Հայաստանի եւ սփյուռքի միջեւ որոշակի անվստահության առկայությունը։ «Սփյուռքում կարծում են, որ Հայաստանի հայերին միայն փող է պետք, իսկ Հայաստանում սփյուռքահայերին մեղադրում են, որ նրանք գալիս են պարզապես որպես զբոսաշրջիկներ։ Այս դժգոհությունները հաղթահարելու միակ միջոցը ընդհանուր շահերի որոնումն է: Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ՝ ուղղված երկարաժամկետ հեռանկարին»,-նշեց նա։  

Նրա գնահատմամբ՝ սփյուռքը կարող է Հայաստանին օգնել ոչ միայն գումարով, այլեւ փորձով։ «Մյուս կողմից՝ կարեւոր է Սփյուռքի խնդիրների լուծումը, այդ թվում՝ կրթության, հայոց լեզվի իմացության, ազգային ինքնության պահպանման խնդիրները։ Այստեղ արդեն Հայաստանը կարող է աջակցություն ցուցաբերել սփյուռքին»,-եզրափակեց Աբրահամյանը։