Դեռ Պրահայից սկսած Ալիեւի պահվածքից ինձ համար պարզ էր, որ ինչ-որ պայմանավորվածություններ կան եւ նա պնդում էր, որ պետք է անեք այն, ինչ խոստացել եք, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ չկան այդպիսի պայմանավորվածություններ, միակ պայմանավորվածությունը փաստաթղթի մեջ գրված է, ոչ մի միջանցք չպետք է լինի:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցին, որտեղ նա նշել էր. «Բաքվի եւ Երեւանի ղեկավարներն ունեն քաղաքական կամք վերացնելու ԼՂ հակամարտության հետեւանքները: Այս տեսանկյունից կարծում ենք, որ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի»:

«Մենք հիմա չենք կարող ճշմարտությունը մինչեւ վերջ վերակառուցել, որովհետեւ երկու կողմն էլ կարող են ասել, որ իրենք այլ կերպ են մեկնաբանել, իրենք այլ ձեւ են հասկացել: Իսկ Կլաարը որպես ոչ այնքան փորձառու դիվանագետ, պետք է հասկանա, որ երբ ինքը նման հայտարարություն է անում, ինքը կարող է ավելի մեծ խոչընդոտներ առաջացնի: Իրեն պետք է հարցնել, թե ինչ նկատի ունի, երբ ասում է՝ մի կողմը չի իրականացնում իր վրա վերցրած պայմանավորվածությունները: Գրավոր որեւէ պայմանավորվածություն չենք տեսել: Միակ գրավոր պայմանավորվածությունները Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարություններն են: Իսկ թե ինչ շուրջ են պայմանավորվել Բրյուսելում, Պրահայում, Վաշինգտոնում, մենք չգիտենք, մեզ ոչ ոք չի ասել: Բայց պարզ է, որ ինչ-որ բան պայմանավորվել են: Նա կարող է ասել՝ ինձ ճիշտ չեն հասկացել, բայց արդեն ասել է, գուցե ուշադիր չի եղել, թռցրել է բերանից: Պարզ է, որ Բրյուսելում այլ բաների մասին են պայմանավորվել, քան Մոսկվայում, այլապես ինչ իմաստ ուներ պայմանավորվել Բրյուսելում: Մենք գիտենք, թե Մոսվկայում ինչ են պայմանավորվել, պայմանավորվել էին, որ ճանապարհ պետք է լինի, որը վերահսկվելու է ռուսական ФСБ-ի կողմից: Պարզ է, որ Բրյուսելում այլ բան են պայմանավորվել, իսկ թե ինչ, մենք չգիտենք»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ակնարկել էր, որ Հայաստանն Արդբեջանի հետ արդեն ինչ-որ պայմանավորածությունների է եկել եւ ՌԴ-ն այս պարագայում չի կարող այլ համաձայնությունների գալ, կոնֆլիկտաբանն ասաց. «Ինձ թվում է, որ ռուսական կողմն ունի ինչ-որ տվյալներ, թե ինչ է տեղի ունենում արեւմտյան տրեկում: Իրենք չեն կարող բացահայտել, ասել՝ մեզ ասել է այսինչ մարդը, դրա համար դիվանագիտական ձեւով հասկացնել են տալիս Նիկոլ Փաշինյանին, որ մենք գիտենք՝ դու ինչի մասին ես պայմանավորվում Բրյուսելում ու Վաշինգտոնում: Եթե դու դա ես պայմանավորվում, մեր վրա հույս մի դիր, մենք որպես միջնորդ այլեւս չենք մասնակցելու, մենք անելու ենք այն, ինչ ռուսական շահերից է բխում: Եվ այդտեղ կան մեծ վտանգներ հայկական կողմի համար: Եթե իրենք փորձելու են միայն իրենց շահերն առաջ տանել, նրանք կարող են այդ շահերը բավարարել ի վնաս հայկական շահի, կամ անտեսելով հայկական շահերը»:

Նա նկատեց, որ վաղուց արդեն դուրս ենք եկել այն իրավիճակից, երբ կար Մինսկի խմբի համանախագահությունը եւ բոլոր միջնորդների միջւեւ տարաձայնությունները շատ փոքր էին. «Բայց հիմա կարելի է հաստատ ասել, որ չկա այդպիսի միաբանություն, եւ փաստորեն դու գնացել ես շոփինգի, գնումներ անելու: Այսինքն էս կողմի հետ ես բանակցում, եթե քեզ չի բավարարում, ասում ես՝ չէ, ես ավելի լավ այլընտրանք մյուս կողմի հետ ունեմ, գնում ես մյուս կողմի հետ ես փորձում բանակցում: Չեմ ասում՝ դա անհնար է, բայց այս պահին շատ վտանգավոր է, որովհետեւ այդ երկու կողմերը գտնվում են պատերազմական իրավիճակում: Պարզ է, որ կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը, դու չես կարող համատեղել այդ երկուսը»:

Արթուր Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը վաղուցվանից հայտարարել է, որ բանակցությունները պետք է լինեն Ադրբեջանի եւ Ղարաբաղի ժողովրդի միջեւ. «Փաստորեն ինքն ասում է, որ հայկական կողմը ձեձռքերը լվանում է, ասում է՝ Ադրբեջան, դա քո տարածքում գտնվող միավոր է, որի հետ դու ինքդ պետք է գտնես, թե ինչպես ես պայմանավորվում: Բայց Ադրբեջանն էլ ասում է՝ ես բացի ինտեգրացիայից, ուրիշ բաների մասին չեմ բանակցելու: Եթե դուք պատրաստ չեք գնալ ինտեգրացիայի, ես ձեր կյանքն ավելի դժվարացնելու եմ: Եթե Հայաստանն իրենց դուրս է համարում այդ գործընթացից, պարզ է, որ Ղարաբաղն իր հնարավորություններով չի կարողանալու որոշ խնդիրներ լուծել»: