Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին, ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գուրգեն Ներսիսյանը ու գրել, որ հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն եւ միջմշակութային հաղորդակցությանը որակապես նոր շունչ հաղորդելու համար համար անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր։
«Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր նպաստել են այդ կարեւոր գործին։ Ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակը բարձրացնելու եւ մշակութային կյանքը ակտիվացնելու համար իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել ռուսական համայնքի հետ մշտապես լինել բաց շփումներում եւ կառավարության հնարավորության սահմաններում փորձելու եմ իմ մասնակցությունը եւ ներդրումը ունենալ:
Նմանատիպ հանդիպումները նպաստում են Հանրապետությունում առկա խնդիրները միասին վեր հանելու եւ նաեւ ռուսական համայնքի ներկայացուցիչների տեսակետների ու առաջարկությունների հիման վրա իրավիճակը մեղմելու առումով որոշումներ կայացնելուն։ Մենք պետք է նաեւ գիտակցենք, որ միայն իրար օգնելով կարող ենք ներքին հասարակական կյանքը դարձնել ավելի ապահով եւ հետաքրքիր»,- գրել է պետնախարարը։





























