ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների երկկողմ հանդիպում տեղի չի ունենա։
Ինչպես սեպտեմբերի 20-ին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն, Միխայիլ Սահակաշվիլին կհանդիպի գրեթե բոլորի հետ, ովքեր մասնակցում են Գլխավոր ասամբլեայի ձեւաչափին։ Երկկողմ ձեւաչափում Սահակաշվիլին հանդիպումներ կունենա տարբեր երկրների՝ Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բոլիվիայի, Մոնղոլիայի, Նիգերիայի ղեկավարների հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի նախագահի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 22-ին։
Մանանա Մանջգալաձեի խոսքով, նստաշրջանի շրջանակներում Սահակաշվիլին կմասնակցի նաեւ ժողովրդավարական երկրների բաց համագործակցության Open Government Partnership միջազգային նախաձեռնության հանդիսավոր բացմանը: Սա ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի նախագահներ Բարաք Օբամայի եւ Դիլմա Ռուսեֆի համատեղ նախաձեռնությունն է, որին պաշտոնապես միացել է Վրաստանը, հայտնում է «Գրուզիա online»-ը։




























