Հայաստանի բանակցողը պետք է փոխվեր, եւ այդ ժամանակ իրավիճակն այլ կլիներ, կբացվեին նոր հնարավորություններ դիվանագիտության համար, շատ բաներից կարելի կլիներ խուսափել։ Բայց կառավարող վարչակարգը գնաց իշխանությունը պահելու ճանապարհով, ինչից հետո տեղի ունեցան բախումներ, այդ թվում սեպտեմբերյանը։ Հետո սկսվեց բանակցությունների նոր փուլը, որը նույնպես ձախողվեց, քանի որ Ադրբեջանը ցանկանում է խնդիրն ուժով լուծել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 10-ին ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա նշել է, որ պատերազմի ռիսկերը եղել եւ պահպանվում են։
Սարգսյանը նկատել է, որ Ադրբեջանի ագրեսիայի նախորդ փուլերի ժամանակ Հայաստանի ԶՈւ-ի բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել։
«Գուցե նման ցանկություն չկար։ Պատճառը հենց պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, ոչ թե նախկին իշխանությունների ժառանգությունը»,- ավելացրել է քաղաքագետը։
Նա կարծում է, որ վերջին հինգ տարում Հայաստանը համարժեք արտաքին քաղաքականություն եւ անվտանգության ոլորտի քաղաքականություն չի վարել, չի հասել որեւէ արդյունքի, ընդհակառակը, եղել են ձախողումներ, այդ թվում դաշնակիցների հետ հարաբերություններում։
Նրա համոզմամբ, ԱՄՆ-ը Հայաստանի հետ ոչ մի երկկողմ օրակարգ էլ չունի, Վաշինգտոնը չի էլ թաքցրել, որ իրեն տարածաշրջանում խաղաղություն է հարկավոր՝ անկախ կոնֆիգուրացիայից։ Ամենագլխավորն ԱՄՆ-ի համար հակառակորդ երկրին տարածաշրջանից դուրս մղելն է։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ եւս ռազմավարական հարաբերություններ Հայաստանն արդեն չունի, Երեւանի մեղքը դրանում նույնպես մեծ է։ Բացի այդ, եղել է Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պոտենցիալ, բայց նորից Հայաստանի մեղքով այդ պոտենցիալը չի իրացվել։ Ընդ որում՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն հայտարարել եւ չեն հայտարարի, որ պատրաստ են լինել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգության, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության երաշխավորը։ Արեւմուտքը շահագրգռված չէ նման պարտավորություններ հանձն առնելու հարցում»,- ընդգծել է փորձագետը։
Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը ընդամենը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, իսկ Մոսկվան փորձում է թույլ չտալ դա։





























