Կենտրոնական բանկը Հայաստանի 20-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքեւի մասում`  անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է հայերեն եւ անգլերեն լեզուներով եւ թողարկման տարեթիվը` «2011»:  

Հուշադրամի դարձերեսին պատկերված են արծիվ ու կռունկ` որպես հայ ազգի եւ պետականության հոգեւոր ու ռազմական ուժի, ազատության ու խաղաղության խորհրդանիշեր: Վերեւի մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է հայերեն լեզվով, իսկ ներքեւում` Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված խորհրդանշանը` «2011», եռագույն ձեւավորմամբ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում: