Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Twitter»-ի իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։
«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիեւը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, այնտեղ ծնվածների հետ, մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել եւ խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիեւը»,- գրել է Էդմոն Մարուքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 10-ին, ժամը 19։10-ից 19։40-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։





























