Եվրամիությունը շուտով կարող է 3,5 միլիարդ եվրոյով (3,7 միլիարդ դոլարով) ավելացնել Ուկրաինայի համար զենք գնելու համար օգտագործվող հիմնադրամը, ուրբաթ հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ 

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի կազմած ծրագրի համաձայն՝ ԵՄ երկրները 1 մլրդ եվրոյի (1,06 մլրդ դոլար) չափով ֆինանսական խթաններ կստանան Ուկրաինա ավելի մեծ քանակությամբ հրետանային արկեր ուղարկելու համար, իսկ եւս 1 մլրդ եվրոն կուղղվի նոր արկերի համատեղ գնումներին: 

«Եթե այդ փաթեթի շուրջ 2 մլրդ եվրոյի գործարք կնքվի, ապա Խաղաղության եվրոպական հիմնադրամի  ռեսուրսները կսպառվեն»․-ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ նկատի ունենալով այն հիմնադրամը, որն օգտագործվում է Կիեւի սպառազինությունը ֆինանսավորելու համար: Անդամ պետությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են կատարել այս նոր հնարավոր 3,5 միլիարդ եվրոյի հավելավճարը, եւ եթե այո, ապա երբ, հավելել է նա։  

Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել ԵՄ-ին միավորվել՝ այս տարի 4 միլիարդ եվրո արժողությամբ 1 միլիոն 155 մմ տրամաչափի արկ գնելու համար, որպեսզի օգնեն դիմակայել ռուսական ներխուժմանը եւ հակագրոհ սկսել:  

Մեկ միլիոն արկ պետք է ապահովի Ուկրաինայի պաշտպանությունը երեք-հինգ ամսվա ընթացքում՝ կախված տեղանքի մարտավարական իրավիճակից, հաշվարկել է ԵՄ ներկայացուցիչը։ 

Այնուամենայնիվ, արեւմտյան զենքի պաշարները սպառվել են պատերազմի բռնկումից ավելի քան մեկ տարի անց, եւ, ըստ աղբյուրի, 155 մմ հրետանային արկեր կարող են առաքվել Ուկրաինա պատվերից մոտ մեկ տարի անց: