Թուրքական կառավարությունն այդ երկրի տարածքում հրթիռային թողարկման վաղ նախազգուշացման ամերիկյան ռադարի շինարարություն թույլատրող վիզա չի տրամադրի, մինչեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ավարտը։ Այս մասին գրում է Lenta.Ru-ն՝ վկայակոչելով Hurriyet-ը։
Վերջնական որոշում կընդունվի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցություններից հետո։
Իրանն անհանգստացած է հարեւան երկրում ռադարի հնարավոր տեղակայմամբ, քանի որ կարծում է (ոչ առանց հիմքերի), որ վաղ հայտնաբերման կայանը ուղղված է լինելու իր դեմ:
ՆԱՏՕ-ում ընդգծում են, որ ռադարը, ինչպես նաեւ հրթիռ-որսիչները, տեղակայված Ռումինիայում, Լեհաստանում եւ Միջերկրական ծովում՝ ամերիկյան նավերի վրա, երկինքը կպաշտպանեն մերձավորարեւելյան շրջանից՝ առաջին հերթին Իրանից բաց թողնվող բալիստիկ հրթիռներից։ Այդ է վկայում նաեւ ապագա ռադարի տեղակայման վայրը՝ 500 կմ Իրանի արեւմտյան սահմանից հեռու։
Ավելի վաղ թուրքական ընդդիմությունը քննադատել էր երկրի կառավարությանը, որ վերջինս համաձայնել է տեղակայել ամերիկյան սարքավորումները՝ հայտարարելով, որ այն ավելի շատ աշխատելու է ոչ այննքան ի պաշտպանություն Թուրքիայի, որքան ի պաշտպանություն Իսրայելի։
Նշենք, որ Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ ռադիոլոկացիոն կայանի տեղակայման մասին հուշագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 14-ին։ Սպասվում է, որ ռադարը կտեղակայվի Թուրքիայի հարավ-արեւմուտքում՝ Մալաթիայի նահանգի Քյուրեջիքի շրջանում։




























