Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում, մասնավորապես,  նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի առաջին նստաշրջանի բարեհաջող անցկացման առթիվ եւ լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կշարունակի տնտեսական եւ հասարակական հետագա առաջընթացն ու իր կարեւոր նպաստը կբերի միջազգային խաղաղության եւ կայունության ապահովմանը:

Բարձր գնահատելով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելու երկկողմ համագործակցության շարունակական զարգացման եւ ընդլայնման ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ բարօրություն»,- նշված է ուղերձում: