ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտեր կներկայացնի 2024 ֆինանսական տարվա (2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի 30-ը) նոր սպառազինությունների գնման եւ ֆինանսավորման վերաբերյալ՝ ավելի քան 300 մլրդ դոլար ընդհանուր գումարով, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներքին փաստաթուղթը:
Սպառազինությունների համալրման եւ ավելացման համար պահանջվող 170 մլրդ դոլարից միջոցների մի մասը կուղղվի Ուկրաինային հանձնված տեխնիկայի եւ զինամթերքի արտադրությանը, ինչպես նաեւ հրթիռների պաշարների ընդլայնմանը, որոնք կարող էին օգտագործվել Չինաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում: Նավատորմի եւ ծովային հետեւակի կորպուսի սպառազինության համար Պենտագոնը 76,8 մլրդ դոլար է պահանջում, այդ թվում՝ 32,8 մլրդ դոլար՝ նոր նավերի կառուցման համար, ռազմաօդային եւ տիեզերական ուժերի սպառազինության համար՝ 61 մլրդ դոլար, ցամաքային ուժերի համար՝ 24,4 մլրդ դոլար:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կգնի նաեւ HIMARS համազարկային կրակի 28 համակարգ, դրանց համար 5016 հրթիռ, 541 Javelin հակատանկային հրթիռային համակարգ:
Պենտագոնը նաեւ շուրջ 145 մլրդ դոլար է պահանջում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական մշակումների համար, այդ թվում՝ 46 մլրդ դոլար՝ ռազմաօդային ուժերի համար, 27 մլրդ դոլար՝ նավատորմի համար, 15,7 մլրդ դոլար՝ ցամաքային ուժերի համար: 3,7 մլրդ դոլար կհատկացվի Sentinel նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ստեղծմանը, B-21 նոր ռազմավարական ռմբակոծիչի ներդրմանը՝ 3 մլրդ դոլար, նոր կործանիչի մշակմանը՝ 2,3 մլրդ դոլար:
Այդ գումարները ներառված են 2024 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանության ընդհանուր բյուջեում։





























