Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որն այսօր՝ մարտի 11-ին, իր Airbus A321 200 օդանավով կատարեց մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:

Սույն թվականի մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:

Ուղևորներից մի քանիսը նշեցին, որ առաջին հերթին իրենց գայթակղել է այս ավիաընկերության տոմսերի ցածր գները, և ինչու չէ նաև հարմարավետ՝ Ա321 ինքնաթիռը։

Ավիաընկերության հիմնադիր-տնօրեն՝ Արարատ Սարգսյանը մեծ խանդավառությամբ էր դիմավորում
հյուրերին և ավիացիոն գործըկերներին, որոնք հիմնականում ՌԴ-ից էին, ի դեպ ինքնաթիռի անձնակազմի
մեծ մասը նույնպես ռուս մասնագետներ էին։

Արարատ Սարգսյանի խոսքերով, այս պահին հայկական անձնակազմերը վերապատրաստման փուլում են։

Խոսելով նաև ինքնաթիռային պարկի մասին տնօրենը նշեց նաև, որ այս տարի սպասվում է պարկը համալրել 5 նոր ինքնաթիռներով, հիմնականում Ա321 ինքնաթիռներով։ Չվերթների մասով նախատեսվում է ՌԴ-ից բացի, առաջիկայում բացել նաև նոր ուղղություններ՝ Բեյրութ, Թել-Ավիվ, Մալդիվներ և Կանադա։