Հայաստանը հնդիկ առեւտրականներին Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցք է առաջարկել՝ Հնդկաստանը Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ կապելու համար, գրում է հնդկական The Economic Times թերթը։ Նշվում է, որ առաջարկն արվել է անցյալ շաբաթ Հնդկաստան այցելած հայկական բարձրաստիճան պատվիրակության կողմից։ Այդ ընթացքում Հնդկաստանում էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Առաջարկվող միջանցքը, որը կստեղծվի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ, կկապի Մումբայը Իրանի Բանդար Աբասի, այնուհետեւ Հայաստանի, ապա Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը ոչ այդքան ջերմ հարաբերություններ ունի՝ հաշվի առնելով վերջինիս սերտ համագործակցությունը Թուրքիայի եւ Պակիստանի հետ»,-նշում է թերթը։
Թերթի տվյալներով՝ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքը մտնում է Հնդկաստանի պլաններում, քանի որ Հնդկաստանը դեպի Եվրոպա հավելյալ ուղիներ է փնտրում՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը եւ խուսափելով Ռուսաստան-Արեւմուտք առճակատման բացասակայն հետեւանքներից։
Հաշվի առնելով արտերկրում խոշոր ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնդկական ընկերությունների մեծ փորձը եւ Իրանի եւ Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի երթուղին գործարկելու Հնդկաստանի շահագրգռվածությունը՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ քննարկելու հնդկական ֆինանսավորումն ու նախագծում հնդկական ընկերությունների ներգրավումը։




























