Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 20-ին, ընդունել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է Երեւանում ողջունել Միխայիլ Շվիդկոյին՝ հատկապես Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների օրերին: Ժողովուրդների միջեւ բարեկամությունն ամրապնդելու գործում երկուստեք կարեւորվել է մշակութային կապերի պահպանումն ու անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, նաեւ՝ երկու երկրներում բարձր մակարդակով մշակութային միջոցառումների անցկացումը:
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Միխայիլ Շվիդկոյը շնորհավորել եւ բարեկեցություն ու բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում, իր հայ բարեկամների կողքին:




























