Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շարունակում է ստանալ շնորհավորանքներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, մասնավորապես, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ցանկանում եմ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմագին շնորհավորանքներս հղել Ձերդ Գերազանցությանը եւ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին:
Իրանի եւ Հայաստանի պատմամշակութային առնչությունները ստեղծել են լայն հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համար:
Համոզված եմ, որ Թեհրանում եւ Երեւանում կնքված համաձայնություններին հետամուտ լինելով կստեղծվեն պայմաններ՝ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզներում երկու երկրների փոխհարաբերություններն առավել ընդլայնելու համար:
Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ բարօրություն եւ երջանկություն»:
Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաեւ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը, Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավը, Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը, Իռալնդիայի նախագահ Մերի Մըքէլիսը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սինգապուրի նախագահ Թոնի Թանը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ տիկին Քվենթին Բրայսը, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ պաշտոնատար անձինք եւ հոգեւոր այրեր:



























