Կատարվածի տեսագրությունից նույնիսկ ակնհայտ է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Գ.Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ մանրամասներ հայտնելով նախօրեին տեղի ունեցած միջադեպից:

«Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Կից ներկայացվող՝ կատարվածի տեսագրությունից նույնիսկ ակնհայտ է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Գ.Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին։ Մասնավորապես, պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Գ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման, առանց որևէ իրավախախտման փաստ մատնանշելու փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում, ուստի Գ.Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը։

Կատարվածի գնահատականն ու այն իբրև թե բռնություն որակելու ենթատեքստը թողնում եմ յուրաքանչյուրի ողջամիտ դատողությանը»,- գրել է նա։

Փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Պետրոսյանը դե ձերբակալված է:

Փաստաբանը նաեւ հայտնել է, թե կնկրետ ինչ բռնության մասին է խոսքը գնում. «Քանի որ շատերն են զարմանքով հարցնում, թե ինչու՞մ է դրսևորվել պարեկների նկատմամբ նրա կողմից կիրառված ենթադրյալ բռնությունը, ուստի կրկին անգամ շեշտում եմ, որ բռնություն է համարվել ֆեյսբուքյան իմ էջում տեղադրված տեսագրության մեջ պատկերված գործողությունը, հետևաբար նա ձերբակալվել է այդ արարքի կատարման անմիջական կասկածով, որևէ այլ դրվագում, այլ վայրում նրա կողմից կիրառված բռնության կասկած չունի վարույթն իրականացնող մարմինը»։

Ավեի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: