Հնդկաստանի տեխնոլոգիաների հարցերով պետնախարար Ռաջեւ Չանդրասեխարը կիրակի օրը ասել է, որ շուտով կհանդիպի ստարտափ ընկերությունների հետ՝ գնահատելու Silicon Valley Bank-ի փլուզման ազդեցությունը, քանի որ աճում են մտահոգությունները հնդկական ստարտափների հատվածի վրա ազդեցության վերաբերյալ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Կալիֆոռնիայի բանկային կարգավորիչները ուրբաթ օրը փակել են Silicon Valley Bank-ը այն բանից հետո, երբ վարկային բանկը, որը 2022 թվականի վերջի դրությամբ ուներ 209 միլիարդ դոլարի ակտիվներ, տուժել է ավանդատուների հարձակումներից, որոնք մեկ օրում մինչեւ 42 միլիարդ դոլար են հանել՝ այն դարձնելով անվճարունակ:

«Ստարտափները Հնդկաստանի նոր տնտեսության կարեւոր մասն են: Այս շաբաթ ես կհանդիպեմ հնդկական ստարտափ կազմակերպությունների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես դա կազդի նրանց վրա եւ ինչպես կարող է կառավարությունը օգնել ճգնաժամի ժամանակ», - գրել է նախարարը Twitter-ում։

Հնդկաստանը աշխարհի խոշորագույն ստարտափ շուկաներից մեկն է, որտեղ կազմակերպություններից շատերը վերջին տարիներին գնահատվել են մի քանի միլիարդ դոլարով եւ աջակցություն են ստանում օտարերկրյա ներդրողների կողմից, որոնք համարձակ խաղադրույքներ են կատարում թվային եւ այլ տեխնոլոգիական ձեռնարկությունների վրա:

Հնդկական վենչուրային կապիտալի հիմնադրամի երկու գործընկեր եւ մեկ հնդկական ստարտափ վարկատու Reuters-ին ասել են, որ ստուգում են պորտֆելի ընկերությունները՝ տեսնելու, արդյոք նրանք ունեն բանկային պարտք եւ, եթե այո, արդյոք դա նրանց ընդհանուր բանկային մնացորդի զգալի մասն է:

Բջջային խաղերի հնդկական Nazara Technologies Ltd ընկերությունը բաժնետոմսերի ներկայացման մեջ նշել է, որ իր երկու դուստր ձեռնարկությունները՝ Kiddopia Inc-ը եւ Mediawrkz Inc-ը, բանկում 7,75 միլիոն դոլար կամ 640 միլիոն ռուփի կանխիկ գումար ունեն: