Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը եւ Իսրայելում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Մուխթար Մամեդովը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությանը։
«Մտքերի բարեկամական փոխանակության ընթացքում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման, երկկողմ տնտեսական եւ հումանիտար կապերի ընդլայնման, ինչպես նաեւ մերձավորարեւելյան կարգավորման հիմնախնդիրները»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունից։
Զրույցի ընթացքում Վիկտորովը եւ Մամեդովը հաստատել են «երկու երկրների միջեւ դաշնակցային փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու փոխադարձ տրամադրվածությունը,- հավելել են դեսպանատանը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,- եզրափակել են մամուլի ծառայությունում։





























