Փորձագետների եզրահանգումները ցույց են տալիս, որ Տրանսկասպյան գազատարի շինարարության համար էկոլոգիական որեւէ ռիսկ գոյություն չունի, սեպտեմբերի 21-ին, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան։

Նրա խոսքով, Կասպից ծովի հատակով արդեն իսկ մի քանի հազար կիլոմետր երկարությամբ խողովակաշարեր են անցկացվել։

Ծովի հատակով անցնում են նաեւ այնպիսի խոշոր գազատարներ, ինչպիսիք են «Հյուսիսային հոսքը» եւ «Երկնագույն հոսքը», ասել է նա, հայտնում է Trend-ը։ Տրանսկասպյան խողովակաշարի նախագծի իրագործումը կարեւոր է ինչպես Ադրբեջանի եւ Թուրքմենստանի, այնպես էլ ԵՄ-ի համար, եւ խողովակաշարի կառուցումը երեք կողմերի գործն է։

Ավելի վաղ ԵՄ Խորհուրդը հաստատել էր Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ բանակցությունների մանդատը։ Դա առաջացրել էր Ռուսաստանի եւ Իրանի դժգոհությունը, ովքեր դեմ են Կասպից ծովում գազատարի շինարարությանը։

300 կմ երկարությամբ Տրանսկասպյան գազատարը նախատեսվում է կառուցել Կասպից ծովի թուրքմենական ափից մինչեւ ադրբեջանական ափ, ուր այն կմիանա Հարավային գազային միջանցքին։ Սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի ԱԳՆ ափսոսանք էր հայտնել ԵՄ Խորհրդի որոշման կապակցությամբ՝ Տրանսկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ մանդատ տրամադրել ԵՄ-ի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ բանակցությունների անցկացմանը: