ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է եւ նա պետք է կատարի այդ դերակատարումը: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե Արցախի դեմ հնարավոր էսկալացիայի դեպքում արդյոք Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետեւաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը երաշխավորեն ԼՂ անվտանգությունը:

Համաձայն եռակողմ հայտարարության եւ դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որով նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել ԼՂ, այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ այն պատճառով, որ Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Հետեւաբար, այս բոլոր փաստարկները ի մի բերելով պետք է արձանագրել, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է:

Մյուս կողմից ԼՂ-ում կա պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ: Հայաստանը բանակ չունի ԼՂ-ում»:

Նա նկատեց, որ Ադրբեջանը նաեւ փորձում է հիմնավորել, որ Արցախի ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա. «Եթե ցեղասպանության եւ էթնիկ զտման ակնհայտ վտանգ չլինի ԼՂ հայության համար, առնվազն այդ մասշտաբով բանակ պահելու կարիք ԼՂ-ն չի ունենա: Այս նեղ վիճակում ԼՂ-ում միլիարդներ են ծախսում այդ բանակը պահելու համար : ԼՂ ՊԲ-ի գոյությունը ամենամեծ ապացույցն է ցեղասպանության եւ էթնիկ զտումների նախապատրաստությունների»,-հայտարարեց վարչապետը: