Պետդուման վավերացրել է կենսաթոշակային ապահովման ոլորտում համագործակցության մասին ռուս-ադրբեջանական պայմանագրի նախագիծը, գրում է Փրայմը։
Դաշնային օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել 2022 թվականի ապրիլի 26-ին Բաքվում ստորագրված Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ կենսաթոշակային ապահովման ոլորտում համագործակցության մասին պայմանագիրը։
Նախագծի նյութերի համաձայն՝ պայմանագիրը տարածվում է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների վրա։ Պայմանագրում ներառվում են ապահովագրական կենսաթոշակների բոլոր տեսակները, ինչպես նաեւ կուտակային կենսաթոշակը եւ կենսաթոշակային խնայողությունների հաշվին այլ վճարումներ։
Ինչպես ասվում է պայմանագրում, Ադրբեջանի քաղաքացիներին կենսաթոշակ տրամադրելիս կհաշվարկվի աշխատանքային ստաժը, որը նրանք ձեռք են բերել Ռուսաստանում աշխատելու ժամանակ, իսկ ռուսաստանցիներին, համապատասխանաբար, այն ստաժը, որը ստացվել է ադրբեջանական տարածքում:
Եթե ապահովագրված անձը տեղափոխվում է երրորդ պետություն մշտական բնակություն, ապա նրա ընտրությամբ կենսաթոշակի վճարումը կշարունակի իրականացվել այն երկրի կողմից, որը նշանակել է այն, կամ այդ երկրի տարածքում, կամ էլ փոխանցվում է Ռուսաստանի կամ Ադրբեջանի տարածք:




























