Հայաստանի նախկին ղեկավարների հայտարարությունները սովորաբար աշխատում եմ շատ ուշադիր կարդալ, որ ինձ ինքնաքննադատության որոշակի հնարավորություն կտա: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին, թե զրոյական կետից բանակցելու դեպքում, նաեւ մեկ Պրահա, մեկ Մոսկվա գնալու պարագայում Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության կողմից լուրջ չի ընկալվում:

«Եթե աշխարհագրությանը նայենք, Սերժ Սարգսյանն էլ Կազան է գնացել, Վիեննա է գնացել, Սանկտ Պետերբուրգ է գնացել եւ այլն: Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ շատ դեպքերում Սերժ Սարգսյանը լավ չի հասկացել բանակցային բովանդակությունը, որի մեջ ներգրավված, ներքաշված է: Ինքն է հայտարարություններ անում, որոնք  հիմք են տալիս նման բան ասելու: Երբ ինքը ժամանակին ասում էր՝ ո՞վ է ասել, որ հնարավոր հանրաքվեին ԼՂ ադրբեջանցիները  պետք է մասնակցեին ԼՂ-ում, թող գնային ուրիշ տեղ մասնակցեին: Արդյոք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն ինքն իր բերանով հիմնավորում է՝ Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ ԼՂ կարգավիճակի որոշման համար հնարավոր հանրաքվեն պետք է տեղի ունենա ոչ թե ԼՂ-ում, այլ ամբողջ Ադրբեջանում, եւ դրանով պետք է որոշվի հանրաքվեն:Դա եղել է Ադրբեջանի դիրքորոշումն ու մեկնաբանությունը, որը բանակցված կոնկրետ պարբերությունների վրա հիմնվելով Ադրբեջանը հիմնավորել է: Սրանք շատ կարեւոր նրբություններ են, որոնք պետք է ֆիքսել:

Հաջորդը, երբ խոսում ենք փակուղու մասին, ես չեմ 2018-ի ապրիլի 17-ին հայտարարել, որ բանակցային գործընթացը կանգնած է, այսինքն փակուղու մեջ է եւ որ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են ու անընդունելի մեզ համար եւ երկար ժամանակ չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը չի գնալու պատերազմով հարցը լուծելուն: Այսինքն այդ կետը, որի մասին ինքը խոսում է, եզրագիծն է, դրա հաջորդ կետը անդունդն է:  Եթե ինձ հաջողվեր այդ կետից հետ քաշվել եւ այլ ուղղությամբ գնալ, այդ փոսից հնարավոր լիներ խուսափել: Խնդիրն այն է, որ ես դա հայտարարելով չհասցրեցի դա անել»,-հայտարարեց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային միջնորդների հետ է բանակցել, ՀՀ վարչապետն ասաց. «Դա էլ է աբսուրդ, այսինքն Սերժ Սարգսյանի ընկալմամբ ուրիշ երկրները գալու էին ու տենց լուծեի՞ն հարցը: Ադրբեջանը 2016-ի աշնանը այդ հարցի պատասխանը տվեց եւ ես ասացի՝ ինչ էին ասում համանախագահները, որն ապացուցվեց Ալիեւի հայտարարությամբ եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցներով է դա հիմնավորվել: Որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցը դրվել է կախվածության մեջ Ադրբեջանի ցանկության հետ:

Ես դեռ պատերազմից առաջ հարց եմ տվել՝ այս պրոցեսով կարո՞ղ ենք հասնել նրան, որ ԼՂ-ն չլինի Ադրբեջանի կազմում: Պատասխանը եղել է՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի, ինչը նշանակում է՝ ոչ, եթե Ադրբեջանը չհամաձայնի: Իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ երբեք դրան չի համաձայնի: Հետեւաբար ո՞ւր հասանք, հասանք փակուղի»: