Երեւանում, Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ մեկնարկել է «Հայաստան-3500» անունը կրող ծրագիրը (Հայաստանի 3500-ամյա պատմության առնչությամբ): 

Այս առնչությամբ, ծրագրի նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ նախագծի նպատակն է Արեւմուտքի երկրներում ապրող 3500 հայի խրախուսել՝  տեղափոխվելու եւ բնակվելու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Ըստ այդմ, նշվում է, որ ծրագրի իրականացումը մեծապես նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը. այսպես, եթե արեւմտյան երկրներից Հայաստան վերադարձող յուրաքանչյուր հայ միջինը 50 000 դոլար ծախսի բնակարան ձեռք բերելու վրա, ինչպես նաեւ ներդրում կատարի բիզնեսի ոլորտում եւ պարզապես ապրի հայրենիքում, ապա  ծրագրի շնորհիվ 175 մլն դոլար կմտնի Հայաստան (3500 մարդու դեպքում): Բացի այդ, հայրենիք տեղափոխվածների գիտելիքներն ու փորձը նոր հնարավորություններ կընձեռնեն հայրենիքում բիզնես միջավայրի զարգացման համար: