Մի կողմից մենք շարունակել ենք ՀԱՊԿ-ի հետ կապված ինչ-որ քայլեր, գործողություններ անել, պայմանագրեր կնքել, մյուս կողմից երեկ Փաշինյանի ասուլիսում հնչեց տեսակետ, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Դա հարց ուղղեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. «Պաշտպանության նախարարը կիսո՞ւմ է այս տեսակետը, եթե ոչ, բա էդքան պայմանագրերը ինչի՞ համար ենք կնքում: ՀԱՊԿ-ի այլընտրանքն այսօր Հայաստանի համար ո՞րն է»:

Ի պատասխան Պապիկյանն ասաց. « Ես չեմ ուզում մտնել քննարկման մեջ, թե որն է  ՀԱՊԿ-ի այլընտրանքը, որովհետեւ եթե հղում եք անում վարչապետի ասուլիսին, նա հնչեցրել է, որ Հայաստանը ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողները կան, Հայաստանից են դուրս գալիս: Բայց նաեւ դրանով մենք մտահոգ ենք, ՊՆ-ն եւ ՊՆ նախարարն էլ իրականացնում են այն գործունեությունը, որով պետք է առաջնորդվենք մեր միջազգային պարտավորությունների համաձայն: Այսինքն եթե մենք այսօր ընթացիկ աշխատանք։ ունենք, պարտավոր ենք դա կատարել եւ կատարում ենք հավուր պատշաճի: Եթե ստորագրվել են փաստաթղթեր, կատարվել են աշխատանքներ, բնականաբար, կատարողականի շրջանակներում պաշտպանության նախարարը պարտավոր է զեկուցել, որը ես անում եմ»:

Հարցին անդրադարձավ նաեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով. «Եթե ինչ-որ մեկը գնում է, ո՞վ է մնում, մնում ենք մենք, մեր զինված ուժերը, մեր ուժային համակարգը»:

Գեղամ Նազարյանն էլ նկատեց. «Ցանկությունս է, որ ՀՀ կառավարությունն ու ՊՆ-ն ավելի լրջախոհ լինի այս հարցերում, որովհետեւ սա վերաբերում է Հայաստանի պաշտպանությանն ու անվտանգությանը»: