Իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկոսին եւ Զաեւ Ֆրենկելին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ իրենց պատիժն են կրում Վրաստանում` «պաշտոնական անձին կաշառելու փորձի համար», ծաղրանքի են ենթարկվում բանտարկյալների կողմից, հաղորդում է Izrus-ը: Վրացական իշխանություններն, ըստ էության, որոշել են կոտրել իսրայելցի գործարարների ոգին, քանի որ նրանց պարտք են 100 միլիոն դոլար:

Սեպտեմբերի 21-ին «Էդիոթ Ահրոնոթ» թերթը հրապարակում է հատվածներ Ֆուկսի նամակից, որը նա ուղարկել է իր իրավաբանին:Գործարարի խոսքով, շաբաթ օրը բանտի աշխատակիցները նրան հայտնել են, որ նա այլեւս հատուկ սնունդ չի ստանալու` նախատեսված շաքարախտով հիվանդների համար: Կրճատել են նրա զբոսանքի ժամերը, ինչպես նաեւ թույլատրված հեռախոսային զանգերի քանակը: Այսուհետեւ Ֆուկսը կարող է զանգահարել ամիսը երեք անգամ:Բայց դա ճնշման «պաշտոնական» մասն է: Գիշերները դիմակով բանտապահները արթնացնում են նրան  եւ զննում անցկացնում նրա բանտախցում, երբեմն երեք-չորս ժամ շարունակ: Նման վերաբերմունք է ցուցաբերվել նաեւ Զաեւ Ֆրենկելի հանդեպ: «Էդիոթ Ահրոնոթ» թերթը նշում է, որ ամենայն հավանականության Վրաստանի իշխանությունները, իմանալով իսրայելցի գործարարների` Եվրոպական դատարան դիմելու որոշման մասին, որոշել են ճնշում գործադրել նրանց վրա` խոստովանություն «կորզելու» համար: 

Իսրայելցի գործարարները ձերբակալվել են 2010 թվի հոկտեմբերի 14-ին` ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 միլիոն դոլարի չափով կաշառք տալու փորձի համար: Իսրայելում համոզված են, որ Վրաստանի իշխանությունները «գործ են սարքում», քանի որ ստիպված են Ռոնի Ֆոքսին վճարել 100 միլիոն դոլար պայմանագրի ձախողման համար: