Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` սեպտեմբերի 21-ին, ընդունել է Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Իոնաիս Կասուլիդիսին, Անդրեյ Կովաչեւին եւ Կոնստանտին Վիգենինին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրախորհրդարանի պատգամավորները շնորհավորել են Հայաստանի ԱԳ նախարարին ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերություններն անընդմեջ զարգացում են ապրել:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին անկախության տոնակատարություններին մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի համար կարեւոր հարցերի նկատմամբ մշտապես ուշադիր գտնվելու համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:



























