Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ, շեյխ Մոհամմեդ բին Զայիդ Ալ Նահայանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ զարգացնել ամենաբարձր մակարդակով երկկողմ հարաբերությունները, հաղորդում է Mehr-ը:
«ԱՄԷ-ն շատ հետաքրքրված է եւ պատրաստ է Իրանի հետ երկկողմ հարաբերությունները հասցնել բոլոր ոլորտներում ամենաբարձր մակարդակին՝ լուծելով երկու երկրների միջեւ որոշ թյուրիմացություններ»,-ասել է նա։
Այս մասին նա ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի հետ հանդիպման ժամանակ:
Նա գոհունակություն է հայտնել Շամհանիի՝ ԱՄԷ կատարած այցի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կընդլայնվեն։
ԱՄԷ նախագահը նաեւ դրական է գնահատել Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնագիրը ՝ այն համարելով տարածաշրջանի երկրների մերձեցման վճռական քայլ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ մշակութային եւ կրոնական ընդհանրություններին՝ Շամհանին իր հերթին ընդգծել է Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
Նա դրական եւ կարեւոր է համարել վերջին տարիներին Թեհրանի եւ Աբու Դաբիի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների աճի միտումը։
«Իրանը եւ ԱՄԷ-ն կարող են մեծ քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման եւ հարեւանության դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ»,-ասել է նա։
Շամհանին Պարսից ծոցում առկա խնդիրներն անվանել է հիմնականում օտարերկրացիների միջամտության եւ «ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի մեքենայությունների» հետեւանք՝ հավելելով, որ այսօր իսլամական աշխարհն ու Պարսից ծոցի տարածաշրջանն ամենից շատ համագործակցության եւ մերձեցման կարիք ունեն:
«Երկկողմ համագործակցության ճանապարհին հատկապես տնտեսական եւ առեւտրային համագործակցության բոլոր ներքին եւ արտաքին խոչընդոտները պետք է բացահայտվեն եւ արագ վերացվեն»,-հավելել է նա։




























