Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր` սեպտեմբերի 21-ին, դարձավ 75 տարեկան: Նա ռուսական մի քանի թերթերի լրագրողների պատմել է, թե ինչպես է մտադիր անցկացնել ծննդյան օրը:

Նրա խոսքով, ծննդյան օրը մտադիր է նշել արտերկրում` տան անդամների եւ մտերիմների շրջապատում: «Ավստրիայի ոչ մեծ քաղաքում մենք հնարավորություն ունենք օբյեկտ վարձել եւ ընդունել հյուրերին»,- ասել է նա:

Նախկին քաղաքապետի խոսքով, ծննդյան տոնին ներկա կլինեն իր երեխաները, կինը, «սիրելի զոքանչը» եւ ընկերները: Հայտնի մարդկանցից կլինեն Կոբզոնը, հույս ունեմ` Ծերեթելին: Մյուսներին չեմ ուզում նշել»,- ասել է Լուժկովը:

Լուժկովը նաեւ խոստովանել է, որ արդեն գիտի, թե ինչ նվեր է իր համար պատրաստել կինը` Ելենա Բատուրինան. դա տրակտոր է: Լուժկովն, ամենայն հավանականությամբ, տրակտորը կօգտագործի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս (ինչպես հայտնի է, նա զբաղվում է մեղվաբուծությամբ):

Հրաժարականից հետո, Լուժկովը ընկճախտի մեջ չի ընկել, այլ մնացել է առաջվա պես առույգ ու ուրախ: Առաջվա պես նոր գաղափարներ է մտածում, զբաղվում մեղվաբուծությամբ եւ գոլֆ խաղում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Մասնավորապես, նախկին քաղաքապետը հայտարարել է, որ «չի տառապում, որ թոշակառու է»: Պաշտոնը թողնելուց հետո, Լուժկովը իրեն նվիրել է գիտությանը եւ մանկավարժական գործունեությանը: «Ես միջազգային համալսարանի «մեծ քաղաքների կառավարման» ֆակուլտետի դեկանն է, պրոֆեսոր»,- ասել է նա: