Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Կառավարությունից, Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ շրջափակման պայմաններում սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց վճարները սոցիալապես անապահով բնակչության համար ծանր բեռ են եւ Կառավարությունը, հատկապես ստեղծված իրավիճակում, համարժեք քայլեր կատարելու պատասխանատվություն պիտի ստանձնի:

«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման հետեւանքով մեր քաղաքացիները կորցրել են աշխատանքն ու հայտվել սոցիալական ծանր վիճակում: Անհրաժեշտ է մշակել աջակցության այնպիսի համակարգ, որը թույլ կտա որոշակի աջակցություն ցուցաբերել աշխատանքը կորցրած կամ բավարար եկամուտ չունեցող ընտանիքներին: Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի աջակցության արդարությունն ու թափանցիկությունը, հավասարությունը, կունենա խիստ նպատակային բնույթ եւ իրապես կուղղվի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը շեշտել է նաեւ, որ վերջին շրջանում շատ դիմումներ է ստացել քաղաքացիներից այդ թեմայով, ինչը վկայում է խնդրի առկայության մասին: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ անհրաժեշտ է մտածել աջակցության մասին, բայց դրանից պետք է օգտվեն միայն իրականում դրա կարիքը ունեցողները: