Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատման: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, 100 օր շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, շրջանառում է «Արեւմտյան Ադրբեջան», նաեւ «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզերը:
«Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար: Իրանը իր ողջ հնարավորությունն ու ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին ու խնդիրներին լուծում տալու համար»,-ասաց նա:
Իր խոսքի վերջում Իրանի ԱԳ փոխնախարարը շնորհավորեց բոլորին Նովրուզի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ առջեւում տարածաշրջանի ժողովուրդների համար կլինի խաղաղություն:











