Պաշտոնական Երեւանը ՀԱՊԿ-ի արձագանքի հույսը դեռ չի կորցնում։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մի շարք ինքնիշխան տարածքների օկուպացման հարցում։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, մարտի 23-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Պատգամավոը մի շարք օրինակներ է բերել՝ նշելով կազմակերպության չափազանց պասիվ դիրքորոշումը։ «2021թ. մայիսից եղել է Ադրբեջանի զինված ուժերի երեք խոշոր, այսպես ասենք, ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Բոլոր երեք դեպքերում ՀԱՊԿ-ն Հայաստան այդպես էլ չի «եկել»։ Երբ մենք ասում ենք. «ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից, ոչ թե հակառակը», մենք նաեւ պետք է փաստենք, որ կազմակերպությունը դե-ֆակտո այստեղ չի էլ եկել»,- ասել է Ջուլհակյանը։
Նա նաեւ հիշեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ի հետ Երեւանի համագործակցությունը շարունակելու առիթով։ «Մենք, ըստ էության, չենք կորցնում հույսը, որ անվտանգության այդ համակարգը կկարողանա, վերջապես, ձեռնարկել որոշակի քայլեր Հայաստանի հանդեպ։ Դրան էլ ուղղված է մեր հետագա համագործակցությունը»,- նշել է Ջուլհակյանը։
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, իր հերթին, փաստել է, որ ՀԱՊԿ-ն մինչեւ այժմ հստակ քաղաքական գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացմանը։ «Պաշտոնական Երեւանը պատասխան չունի այն հարցին, թե ինչու այդ գնահատականը չկա։ Հենց այդ պատճառով են արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաեւ այլ կառույցներ շարունակում աշխատել ՀԱՊԿ-ի հետ։ Նրանք աշխատում են, որպեսզի այդ գնահատականն, ի վերջո, հնչի»,- ասել է Հովհաննիսյանը։




























