Հաջորդ 20 տարիներին Հայաստանն իր սոցիալ-տնտեսական ցուցիչներով ունի բոլոր հնարավորությունները՝ դուրս գալու միջին եվրոպական մակարդակ։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված, Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրա համար պետք է «ավելի հետեւողականորեն շարունակել այն բարեփոխումները, որոնք այժմ իրականացնում ենք»։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի բյուջեն 10 անգամ ավելի է, քան անկախության սկզբում։ «Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը, երբ մենք պետք է ամրապնդենք մեր պետականությունը, լավացնենք սոցիալ-տնտեսական ցուցիչները, ժողովրդի բարեկեցությունը»,- ասել է նա:

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանն ի վիճակի է զարգանալ անգամ ավելի լավ, քան դա արվում է այսօր։ «Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ցավալիորեն հարվածեց նաեւ Հայաստանին։ Սակայն արդեն հաջորդ տարի մենք մոտեցանք բացասական երեւույթների վերացմանը։ Եւ անգամ 2 տոկոսից մի փոքր ավելի ՀՆԱ-ի աճ ունեցանք»,- նկատել է Սերժ Սարգսյանը։

8 ամիսների արդյունքներով վիճակն ավելի է լավացել, ասել է նա։ «Մենք շուրջ 5 տոկոս տնտեսական աճ ունենք։ Ընդ որում, արդյունաբերության ոլորտում ավելի քան 12 տոկոս, գյուղատնտեսության ոլորտում շուրջ 15 տոկոս, սպասարկման ոլորտում շուրջ 7 տոկոս։ Մեր տնտեսությունը առավելագույնս ադապտացվել է եղած պայմաններին։ Մենք զարգանում ենք եւ տնտեսական ակտիվության մեր ցուցիչները լավն ենք համարում»,- ասել է Հայաստանի նախագահը։