Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ հրաձգարանում տեղի ունեցող «Կենտրոն-2011» ռազմավարական վարժանքների ժամանակ, ստեղծվել է ՀԱՊԿ երկրների Հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգերի նախատիպը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 22-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

«Վարժանքների ընթացքում ստեղծված ՀՀՊ համակարգը կարող է դառնալ ՀԱՊԿ երկրների ՀՀՊ համակարգերի նախատիպը»,- ասել է Սերդյուկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի Հակաահաբեկչական հրամանատարա-շտաբային զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 19-ին, Տաջիկստանում ռուսական 201-րդ ռազմակայանի Լյաուր հրաձգարանում: Ամենամեծ զորավարժությունները 2011-ին տեղի են ունենում նաեւ ՌԴ Ուրալի եւ Պովոլժիեի շրջաններում, Ղազախստանում, Ղրղըզստանում:

Հայաստանը զորավարժություններին մասնակցում է որպես դիտորդ: Դրանք կտեւեն մինչեւ հոկտեմբեր:

Հիշեցնենք, որ 1992-ին ստեղծված ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: