Թուրքական դատարանի որոշմամբ, բողոքի ակցիայի տարբեր տարիքի 15 մասնակիցների արգելվել է միմյանց հետ, ինչպես նաեւ բնակավայրի այլ բնակիչների հետ որեւէ բանի, հատկապես ՀԷԿ-ի շինարարության մասին խոսել: Իշխանությունները կարծում են, որ հենդ այս ձեւով կարող են վնասազերծել բողոքավորներին:
Բայց սա էլ ամենը չէ: Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, սեպտեմբերի 6-ին, Էրզրումի Թորթում թաղամասի Բագբաշը ավանում տեղի ունեցած դեպքերը շարունակում են մնալ Թուրքիայի հասարակության ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ այդ ավանի մոտ 200 բնակիչներ իրենց բողոքն են հայտնել այդ տարածքում ՀԷԿ կառուցելու երկրի իշխանությունների մտադրության դեմ: Իշխանություններն, ի պատասխան, սկսել են ցուցմունքներ վերցնել բողոքի ակցիայի մասնակիցներից: Այս գործով տեղի դատարանի որոշումը երկրորդ պլան է մղել բուն հարցի էությունը, բոլորն սկսել են խոսել դատարանի որոշման մասին, որն աշխարհում աննախադեպ է:
Լռելու դատապարտվածներից 4-ը 75-ն անց տատիկներ են, ովքեր ծնվել ու մեծացել են այդ ավանում: Հիմա 81-ամյա Ասյա Քելեշը, 80-ամյա Շուքրիյե Յալչընքայան, 75-ամյա Ռաբյա Դուրուսուն եւ 77-ամյա Ուսնա Բոթան ոչ միայն չեն կարողանալու զրուցել մարդկանց հետ, այլ նաեւ բարեւել միմյանց:


























