Չինաստանում եւ Հնդկաստանում ոչ մեծ ոսկերչական գործարաններ հիմնած հայ ոսկերիչները պատրաստվում են իրենց արտադրությունները տեղափոխել Հայաստան:
Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գեւորգյանը; Նրա խոսքով` ոսկերչական արտադրության ոլորտում առաջիկայում 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի, ինչը թույլ կտա ոսկերչական ճյուղում ապահովել տարեկան 50-60 տոկոսի աճ: Գ. Գեւորգյանի խոսքով` հայկական օրենսդրությունն աստիճանաբար համապատասխանում է այն պահանջներին, որի մասին ոսկերիչները «երազել են տասնամյակներ»:
Սակայն, ըստ Գ. Գեւորգյանի, միայն ազատ տնտեսական գոտիների ստեղծումը թույլ կտա ապահովել ոսկերչական ոլորտի սրընթաց զարգացումը, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում: Հայ ոսկերիչների համաշխարհային միության համաժողովի եզրափակիչ ելույթում Գ. Գեւորգյանը այնուհետ ճշտեց, որ հարկերից պետք է ազատել այն ոսկերիչներին, որոնք կաշխատեն բացառապես արտասահմանյան շուկայի համար:
Այս առնչությամբ NEWS.am-ը պարզաբանումներ խնդրեց նաեւ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական վարչության ղեկավար Հայկ Միրզոյանից: Նրա խոսքով` ոսկերչությունն արդեն ստացել է հարկային որոշ արտոնություններ: Մասնավորապես` շրջանառությունն ազատվել է ավելացված արժեքի հարկից, վերացվել է նաեւ շահութահարկի կանխավճարը:
Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտիներին, ապա, ըստ Հ. Միրզոյանի, արդեն իսկ ընդունվել է համապատասխան օրենքը, մշակման փուլում են ենթաօրենսդրական ակտերը; Մինչեւ տարվա վերջ սպասվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Մարս» գործարանի տարածքներում ազատ տնտեսական գոտիներն արդեն հիմնված կլինեն;




























