ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի ժամանակ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի մի շարք երկրների պատվիրակություններ լքել են նիստը:
Ինքը՝ Ահմադինեժադը, սուր քննադատության է ենթարկել Վաշինգթոնի եւ եվրոպական երկրների քաղաքականությունը:
Սա առաջին անգամը չէ, որ Իրանի նախագահը Գլխավոր ասամբլեայի հարթակից սուր կերպով քննադատում է Արեւմուտքին:
Նա նաեւ հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն օգտագործել է իբրեւ առիթ՝ ներխուժելու Իրաք եւ Աֆղանստան։ Քննադատության է արժանացել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի անդամները փորձել են հասնել նրան, որ Թեհրանը պարզաբանի իր միջուկային ծրագրի հետ կապված որոշ հարցեր։ Իրանը պատրաստ է դադարեցնել մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը, եթե երաշխիքներ ստանա Թեհրանում իր բժշկական գիտահետազոտական ռեակտորի համար վառելիքի մատակարարման հարցում, հայտարարել է նա՝ նկատելով, որ պատժամիջոցները վատ են անդրադառնում իրանական տնտեսության վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն արդեն հայտնել են այս ելույթի հետ կապված իրենց բողոքը։



























