Edge Gaming ընկերությունը, «ԱրմենՏելի» աջակցությամբ, հայտարարում են ESWC (Electronic Sports World Cup) կիբեռսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլի անցկացման մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցումները կանցկացվեն FIFA 11, PES 2011, Call of Duty: ModernWarFare2, Counter-Strike 1.6 խաղային մարզաձեւերում. Առաջնությունն անցկացվում է 2 փուլով` սեպտեմբերի 24-25 Nexus համակարգչային ակումբում Pro evolution soccer 2011 եւ FIFA 11 ձեւերով եւ հոկտեմբերի 1-2 Congress հյուրանոցում Counter-Strike եւ Call of Duty ձեւերով. FIFA 11 խաղային մարզաձեւում լավագույն 2 խաղացողներ կստանան գլխավոր մրցանակ` Ֆրանսիայում կայանալիք ESWC քարորդ եզրափակիչի ուղեգրեր: Հայաստանում ESWC առաջնությանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն www.edge.am կայքում: «Հայ մարզիկների համար ESWC առաջնությանը մասնակցելը ոչ միայն հաճելի ժամանց է, այլեւ կիբեռսպորտի աշխարհում իրենց մասին հայտարարելու լավ հնարավորություն», - նշել է Edge Gaming ընկերության տնօրեն Էդգար Սահակյանը:
Նշենք, որ The Electronic Sports World Cup-ը համակարգչային խաղերի համաշխարհային հեղինակավոր առաջնություն է: Իր նշանակությամբ ESWC գավաթը զիջում է միայն WCG գավաթին: Մրցումներն անցկացվում են 2003 թվականից: 2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում: 6000 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող խաղային տաղավարում իրենց հմտությունները կցուցադրեն ավելի քան 600 մարզիկ: Առաջնության խաղերին այցելում են շուրջ 5000 հանդիսատես, իսկ միջոցառումը լուսաբանում են առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 500 թղթակից: 2010 թվականի ESWC առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 213 500 ԱՄՆ դոլար:




























